Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը, «Երեւանի ավտոբուսներ» եւ Հայաստանի մարզերում տարվող դպրոցաշինական եւ դպրոցների վերազինման լայնամասշտաբ ծրագրերին:
Անդրեա Վիկտորինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն: