
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից

Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայում գործող «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները պնդում են, որ Էրդողանի առաջադրումը սահմանադրության խախտում է, քանի որ Էրդողանն արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։
Ընդդիմադիրները նշում են, որ 2014 և 2018 թվականների նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մարտի 28-ին հայտարարել է, որ ընտրություններին Էրդողանի մասնակցության համար որևէ խոչընդոտ չկա։ Չելիքի խոսքով՝ 2018 թվականին սահմանադրության փոփոխությունից հետո, Էրդողանն առաջին անգամ է ընտրվել նոր նախագահական համակարգով, հետեւաբար նրա նախկին նախագահական ժամկետը չի կարող հաշվի առնվել։
Թուրքիայի ընտրական գլխավոր հանձնաժողովը մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու 4 թեկնածուների անուններ է հրապարակել։ Նրանք են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ու ևս երկու թեկնածուներ՝ Մուհամեր Ինջեն և Սինան Օղանը։ Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին։