Թունիսի զբոսաշրջության նախարարը ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Թունիսի Զբոսաշրջության նախարար Մոհամեդ Մուեզ Բելհուսեյնի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թունիսի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ուղիները։ Նախարար Բելհուսեյնը, ներկայացնելով Թունիսի զբոսաշրջային հնարավորությունները և ներուժը, կարևորել է Հայաստանի հետ այս ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը։ Նախարարը նշել է, որ, չնայած Թունիսում հայկական համայնքի բացակայությանը, երկրում բավականին տեղեկացված են հայերի և Հայաստանի մասին՝ հայտնելով իր երկրի պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու ոլորտային երկկողմ համագործակցությունը։
Դեսպան Փոլադյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները, և վերջին տարիներին գրանցված հաջողությունները՝ նշելով, որ այս մասին են վկայում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ Դեսպանը ընդգծել է, որ Հայաստանը հիանալի ուղղություն է նաև բժշկական զբոսաշրջության առումով՝ ներկայացնելով Ջերմուկում և Հայաստանի այլ շրջաններում գործող առողջարանային համալիրների առանձնահատկությունները։

Զբոսաշրջության ոլորտում երկկողմ գործակցությունը խորացնելու գործում զրուցակիցները կարևորել են գործարար համաժողովների և ցուցահանդեսների անցկացումը փոխադարձաբար՝ Հայաստանում և Թունիսում։ Կողմերը ընդգծել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրելու կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս