Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելացնել միջուկային զենքի համար նյութերի արտադրությունը՝ երկրի միջուկային ներուժը մեծացնելու համար:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տարածած լուսանկարում պատկերված է նոր մարտավարական մարտագլխիկ, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված է վերջին տարիներին մշակված տարբեր համակարգերի համար:

Ըստ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցի՝ պաշտոնյաների և գիտնականների հետ կայացած հանդիպման ընթացքում Կիմ Չեն Ընը շեշտել է ռումբերի վառելիքի արտադրությունը մեծացնելու անհրաժեշտությունը, որը պետք է մեծապես ընդլայնի երկրի միջուկային զինանոցը:

ԿԺԴՀ-ի ղեկավարն ընդգծել է, որ միջուկային ներուժի ավելացումը հարկավոր է երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար:

Associated Press-ը հիշեցնում է, որ միայն այս ամիս Հյուսիսային Կորեան արդեն 7 անգամ հրթիռային արձակումներ է իրականացրել: Վերջին շաբաթներին Փհենյանի հրթիռային փորձարկումները և Վաշինգտոն-Սեուլ համատեղ զորավարժությունները հաջորդում են մեկը մյուսին՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում:

Հյուսիսային Կորեայի վերջին փորձարկումներից մեկը տեղի է ունեցել մարտի 27-ին, երբ երկիրն իրականացրել է միջուկային պայթյունի նմանակում՝ «երկիր-երկիր» դասի մարտավարական բալիստիկ հրթիռների կիրառմամբ: Ըստ Հյուսիային Կորեայի պետական լրատվամիջոցի՝ արձակումը տեղի է ունեցել Փհենյանի արվարձաններից: Միջուկային պայթյունի նմանակումը տեղի է ունեցել 500 մ բարձրության վրա:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ ԿԺԴՀ-ն մարտի 27-ին նաև երկու փոքր հեռարահության բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք ընկել են Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս