Ֆրանսիան կկրկնապատկի Ուկրաինային 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները
Ֆրանսիան կկրկնապատկի 155-միլիմետրանոց արկերի մատակարարումներն Ուկրաինային: Նման տեղեկություն է հայտնել երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուն Figaro թերթին տված հարցազրույցում։
«Մենք կմատակարարենք նաև Ուկրաինայի հակահարձակման համար անհրաժեշտ ցամաքային սարքավորում. մենք կկրկնապատկենք 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները, մարտի վերջից կմատակարարվի ամսական երկու հազար հատ», – ասել Է նա։
Բացի այդ, նախարարի խոսքով, առաջիկայում Ուկրաինայի զինված ուժերին կհանձնվի Samp/T զենիթահրթիռային համալիր։ Դրա հետ մեկտեղ, հավելել է Լեկոռնյուն, քննարկվում է Ուկրաինայի համար օգնության հիմնադրամին կրկնակի վճարումների հարցը։ Ըստ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի՝ նախկինում հատկացված 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ ծախսվել է։
Լեկոռնյուն անցյալ շաբաթ հայտարարել Է, որ Ֆրանսիան պլանավորում Է մինչև տարեվերջ կրկնապատկել իր ռազմական արտադրության ծավալը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվել է մեծացնել զինամթերքի արտադրությունն ինչպես Ուկրաինայի զինված ուժերի, այնպես էլ սեփական բանակի համար, ինչպես նաև վերսկսել ռազմավարական նշանակություն ունեցող շուրջ 20 անուն ռազմամթերքի արտադրություն իր տարածքում: 155 մմ տրամաչափի հրետանին առկա Է ՆԱՏՕ-ի սպառազինության մեջ։ Ֆրանսիան, մասնավորապես, Ուկրաինա է ուղարկել TRF1 քարշակային հաուբիցներ և Caesar ինքնագնաց հրետանային կայանք: