Եվրահանձնաժողովը ձգձգում է Իտալիային 19 մլրդ եվրոյի օգնության տրամադրումը՝ երկրի կառավարության հանդեպ ունեցած կասկածների պատճառով

Եվրահանձնաժողովը ձգձգում է COVID-19 համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար Իտալիային 19 միլիարդ եվրո (20,5 միլիարդ դոլար) գումարի օգնության տրամադրումը, քանի որ կասկածներ ունի Իտալիայի կառավարության ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու ունակության առնչությամբ:

«Մենք պայմանավորվեցինք մեկ ամսով երկարաձգել (խմբ.՝ Իտալիայի կողմից պարտավորությունների կատարման) ստուգման ժամկետը, որպեսզի Եվրոպական հանձնաժողովին հնարավորություն ընձեռվի ավարտել ցուցանիշների գնահատումը», – մեջբերում Է գործակալությունն Իտալիայի կառավարության հայտարարությունից:

Մասնավորապես, ԵՀ-ն պետք է տեսնի, թե ինչպես են իրականացվում փոփոխությունները նավահանգիստների գործունեության լիցենզավորման հարցում և ինչպես են իրականացվում քաղաքային միջավայրի վերականգնման երկու ծրագրերը: Համապատասխան դրույթները հաստատվել են Եվրահանձնաժողովի և Իտալիայի միջև 2022 թվականի դեկտեմբերին կնքված համաձայնագրով։

Ֆինանսական օգնության ընդհանուր գումարը պետք է կազմի 192 մլրդ եվրո (207,3 մլրդ դոլար), որը Միության անդամները հանգանակել են համատեղ ջանքերով։ Իտալիան արդեն ստացել է 67 միլիարդ եվրո (72,4 միլիարդ դոլար), սակայն չի կարողացել այդ գումարը բավականաչափ արագ և արդյունավետ ծախսել բյուրոկրատական ​​քաշքշուկների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս