Բաժիններ՝

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:

««Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի՝ նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,

հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։

Նախագծի հաստատումից հետո կնշանակվի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եռամսյա ժամկետում կձևավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Խորհուրդը հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագիրը, բյուջեն և սահմանված այլ գործառույթներ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ:

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ապրիլի 7-ին ժամը 16:00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս