Ես չեմ փորձի Ձեզ հետ մրցակցության մեջ մտնել Թուրքիային աջակցելու հարցում, որովհետև ջախջախիչ պարտություն կկրեմ. Էդուարդ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Մարտի 24-ին՝ Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ խաղից առաջ Հայաստանում փորձեր են եղել մթնոլորտը լարելու անհեթեթ հայտարարություններ անելով:

«Հանրային հեռուստաընկերության եթերում վերջերս հնչեց, որ քանի որ հավանական է, որ Ֆեդերացիայի ու «Փյունիկի» հարաբերությունների պատճառով մենք Պետրակովին (հավաքականի գլխավոր մարզիչ-Գ.Ս.) խորհուրդ ենք տվել հավաքական չհրավիրել Հովհաննես Հարությունյանին, մինչդեռ այդ թիմի երկու ֆուտբոլիստ արդեն իսկ կանչվել են հավաքական: Ես չգիտեմ՝ այս ամենը Թուրքիայի թե՞ Հայաստանի հավաքականին է օգնում: Ես կարծում եմ՝ ավելի շատ Թուրքիայի հավաքականին է օգնում»,-ասել էր ՀՖՖ նախագահը:

Երեկ իր հեղինակայնին «Խաղից դուրս Էդուարդ Քալանթարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտնի ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն անդրադարձել է այդ հայտարարությանը:

Վերջինս նախ նշել էր, որ Արմեն Մելիքբեկյանը հավաքականի յուրաքանչյուր պատասխանատու խաղից առաջ հյուրընկալվում է քաղաքական հաղորդմանը ու անում անպատասխանատու հայտարարություններ:

«Արմեն Մելիքբեկյան, ես, ի տարբերություն Ձեզ, դիմում եմ անվանական: Ես վստահ եմ, որ խոսքն ինձ էր վերաբերում, ես մնում եմ իմ կարծիքին և ունեմ իրավունք իմ կարծիքն արտահայտելու: Այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի ազգային հավաքականի հայտացուցակում: Ես գտնում եմ, որ այդ ֆուտբոլիստն ունի անհրաժեշտ որակներ առնվազն մրցակցություն ապահովելու համար: Էլ չեմ ասում, որ նա ինչ-որ պահի կարող է հայտնվել դաշտում»,-ասաց ֆուտբոլային մեկնաբանը:

Էդուրադ Քալանթարյանը նշեց նաև, որ իր ասածը համարել օգնություն Թուրքիայի հավաքականին, չգիտի՝ ինչի գագաթնակետն է:

«Եթե հանկարծ մենք փորձենք մրցել Թուրքիայի հավաքականին կամ Թուրքիային ինչ-որ աջակցությամբ, ես ուղղակի այդ մրցակցության մեջ չեմ ցանկանա մտնել, որովհետև ջախջախիչ պարտություն կկրեմ: Չասեմ՝ ինչեր են եղել ժամանակին: Դուք ինքներդ լավ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել ձեր կողմից: Հետևաբար ես հորդորում եմ արձագանքել իմ հրավերներին: Ես բազմիցս առիթ եմ ունեցել Ձեզ հրավիրել հարցազրույցի: Ամեն անգամ հրաժարվել եք»,-ասաց նա՝ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
Վերջինս նշեց՝ ինքը միշտ աջակցել է Հայաստանի հավաքականին՝ անկախ նրանից՝ ով է մրցակիցը, և հատկապես, եթե մրցակիցը Թուրքիան է, ու դրանով ինքը չի աջակցում մրցակցին:

«Սա մեր աշխատանքն է, որին ժամանակին կցված էիք նաև Դուք: Դուք շատ լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք Ձեր մեկնաբանական կարիերան ու անցաք այլ գործունեության»,-եզրափակեց Էդուարդ Քալանթարյանը՝ կրկին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելով Մելիքբեկյանին, նշելով, որ թիկունքից իրեն մեղադրելը Թուրքիային աջակցելու համար ստոր քայլ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս