
Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։
Խաղի ընթացքում երկրպագուները Հայաստանի և Արցախի դրոշներ են պարզել, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք Արցախի շրջափակումը»։
Ի դեպ, այդ խաղում Ադրբեջանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել։ Շվեդիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանցիների դարպասը։
38-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էմիլ Ֆորսբերգը, 65-րդ րոպեին Բեհլուլ Մուսատաֆազադեն դարձել է ինքնագոլի հեղինակ, 79-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Վիկտոր Գյոկերեսը, 88-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յասպեր Կարլսոնը, մեկ րոպե անց էլ աչքի է ընկել Անտոնի Էլանգան։
Ադրբեջանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն էր կրել նաև որակավորման փուլի առաջին խաղում՝ 4-1 հաշվով զիջելով Ավստրիայի հավաքականին։