Քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման առաջին փուլը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հանրային քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նախագծում տեղ գտած միջոցառումներն ուղղված են մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին, որի համատեքստում հնարավոր կլինի իրականացնել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը, ինչպես նաև ընդգծել է Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ քննարկումն ուղղված է նաև քաղաքացիական հասարակություն-պետություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա: Վերջինս հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի միջոցով կհաջողվի լուծումներ տալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծագած ինստիտուցիոնալ խնդիրներին:
Հանրային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները նախագծում տեղ գտած միջոցառումների վերաբերյալ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախագծի մշակմանն ուղղված ողջ գործընթացը՝ թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծել ռազմավարության ձևաչափը՝ ելակետային տվյալների ներառման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է նաև մոնիտորինգի գնահատման համակարգերի բարելավումը։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մարտի 30-ին: Հանրային քննարկումների արդյունքում գույքագրված կարծիքների և առաջարկների հիման վրա գործողությունների ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վարչապետի աշխատակազմ:
Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով: