ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ակտիվացրել են բանակցությունները պաշտպանական համագործակցության ամրապնդման շուրջ
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ակտիվացրել են բանակցությունները պաշտպանական համագործակցության ամրապնդման շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Պարբերականը նշում է, որ անվտանգության շուրջ քննարկումներն ակտիվացել են Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ նոր առևտրային համաձայնագրի ստորագրումից հետո: Օրակարգում են հարաբերությունների ամրապնդումը զենքի արտադրության, հետախուզական տվյալների փոխանակման, կիբերանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Եվրոպայի պաշտպանական գործակալության հետ Լոնդոնի համագործակցության ընդլայնման բնագավառում։
«Մենք ունենք շահագրգռություն, և մենք միշտ բաց ենք եղել սրա համար: Հիշեք, որ ի սկզբանե հենց մենք էին, որ չէինք ուզում, որ նրանք հեռանան (ԵՄ-ից) և դադարեցնեն համագործակցությունը», – մեջբերում է թերթը Եվրոպական Միության ներկայացուցիչներից մեկի խոսքը։
Financial Times-ի մեկ այլ զրուցակից, որը ԵՄ անդամ երկրներից մեկի պաշտոնյա է, նշել է, որ Եվրոպայի պաշտպանական ներուժի աճը բխում է հենց Եվրոպայի շահերից։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, 2022 թվականին Միացյալ Թագավորությունը միացել է Եվրոպայի Մշտական կառուցվածքային համագործակցության (PESCO) ծրագրին, որի նպատակն է ռազմական գույքի տեղափոխման արագացումը Եվրոպայի մայրցամաքում։
Մարտի 24-ին Բրյուսելի և Լոնդոնի միջև կնքված գործարքը Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ լուծել Է գլխավոր խնդիրներից մեկը, որն առաջացավ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, այն է՝ սահմանի անորոշ կարգավիճակը թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և ԵՄ անդամ Իռլանդիայի միջև: