Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման պլանները. Պեսկով

Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլանների վրա: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«(Արևմուտքի) նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։

«Դրան ավելացնելու ոչինչ չկա», – հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց արել է իր դաշնակիցների տարածքում։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել, իսկ հուլիսի 1-ին, ըստ Պուտինի, Բելառուսի Հանրապետության տարածքում կավարտվի մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացրել Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Բելառուսի հետ համաձայնագիրը չի խախտում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ միջազգային պարտավորությունները։

ՌԴ նախագահի այս հայտարարություններին հաջորդել է Արևմուտքի բացասական արձագանքը։ Մասնավորապես, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք տեղակայի Բելառուսում, Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին վերանայել այս որոշումը՝ պնդելով, որ այն ապակայունացնող է։ Մարտի 26-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում հայտարարություն է հրապարակվել, որով Կիևը կոչ է արել անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։

Տեսանյութեր

Լրահոս