
Գերմանիայում գործադուլը հանգեցրել Է երկաթուղու և օդանավակայանների աշխատանքի լուրջ խափանումների

Գերմանիայում այսօր լուրջ խախտումներ են արձանագրվել տրանսպորտի աշխատանքում. արհմիությունների կոչով երկաթուղիների և օդանավակայանների աշխատողները մեկօրյա նախազգուշական գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։
24-ժամյա գործադուլը սկսվել է մարտի 27-ի կեսգիշերին: Գործադուլի պատճառով չեն աշխատում Ֆրանկֆուրտի և Մյունխենի խոշոր միջազգային օդանավակայանները։ Աշխատանքը դադարեցրել են նաև այլ օդանավակայաններ:
Պարբերականը հաղորդում է, որ Բեռլինի Բրանդերբուրգի օդանավակայանը միակն է, որն աշխատանքը շարունակում է սովորական ռեժիմով: Ընդհանուր առմամբ, օդանավակայաններում գործադուլն ազդել է շուրջ 400 հազար ուղևորի վրա:
Նույն կերպ պարալիզացվել է նաև Գերմանիայի երկաթուղային հաղորդակցությունը: Գործադուլին միացել է երկաթգծերի ավելի քան 30 հազար աշխատակից:
Գերմանական հիմնական երկաթուղային օպերատորը՝ Deutsche Bahn-ը, հայտարարել է հեռավոր վայրեր ուղևորվող գնացքների մեկնումները չեղարկելու մասին:
Գերմանիայի 7 նահանգներում գործադուլներն ազդել են նաև հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների, տրամվայների և մետրոյի աշխատանքի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի արհմիությունները կոչ են արել տրանսպորտային ճյուղի աշխատողներին մասնակցել գործադուլին՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ բարձր գնաճի պատճառով։
Այսպես, «Վերդի» արհմիությունը հայտարարել է, որ գործադուլի կոչ է արել 120 հազար մարդու, իսկ երկաթուղայինների իրավունքները պաշտպանող EVG արհմիությունը՝ 230 հազար մարդու։ Արհմիությունները պահանջում են առնվազն 10,5 %-ով բարձրացնել աշխատավարձերը: