Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի և երկու բարձրաստիճան դիվանագետների առաջիկա հանդիպման հարցերը: Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։

Նշվում է, որ կողմերը խոսել են նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կառուցողական ուղու մասին: Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է չեզոք տարածքում հանդիպել արքայազն Ֆեյսալի հետ։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկրներ, որոնք կարող են կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտական​​հարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։

Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ են վարել, որոնց արդյունքներով պատրաստել են եռակողմ հայտարարություն։

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսությունը հարձակումների ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից, որոնք զայրացած էին Էր Ռիադում հայտնի շիա հոգևորական քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից: Դրանից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս