Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը կարող է դառնալ նախատիպային ՀՀ այլ խոշորացված համայնքների համար․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում մասնակցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ծրագրի մեկնարկին, որը տեղի է ունեցել «Վերնատուն» պատկերասրահում։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Իջևան համայնքին ծրագրի մեկնարկի և մշակութահեն զարգացման նոր հնարավորության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միության հետ կա բազմաշերտ համագործակցություն ինչպես գիտության ու երիտասարդության, այնպես էլ՝ մշակույթի ոլորտում։

««Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակույթի զարգացման, հայկական մշակույթի հանրահռչակման ու պահպանման ուղղությամբ, որը պետք է իրագործվի տարբեր օղակների համատեղ ջանքերի միավորմամբ»,-ասել է փոխնախարարը և հավելել, որ շատ կարևոր է արժեքների նկատմամբ սեփականության զգացողություն ունենալը, նախանձախնդիր լինելը և համայնքներում այս հարցի հետ կապված հանրային վարքականոնի ձևավորումը:

Փոխնախարարի գնահատմամբ՝ ծրագիրը կարող է դառնալ նախատիպային ՀՀ այլ խոշորացված համայնքների համար, որտեղ Իջևանը դառնում է առաջատարներից մեկը։ Նա նաև նշել է, որ շուտով ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ Իջևանում կբացվի երիտասարդական կենտրոն՝ հարստացնելու քաղաքի և հարակից բնակավայրերի մշակութային կյանքը։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը արժևորում է Հայաստանի Հանրապետության մշակութային օրակարգը և ըստ այդմ՝ այս ծրագիրը կոչված է խրախուսելու նախաձեռնողականությունն ու ստեղծարար միտքը։

«Կարծում եմ՝ այս ռազմավարությունը կնպաստի ինչպես մշակութահեն տնտեսության զարգացմանը, այնպես էլ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է ԵՄ դեսպանը։

«Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարություն է, որը մշակել է Իջևանի համայնքապետարանը EU4Culture ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ․ իրականացվելու է 2023-2024 թթ ընթացքում։

Ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավել մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնտեսական զարգացման հետ սերտորեն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը և արդյունավետ կառավարմանը։

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցում է մշակույթի ոլորտին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին և կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Ծրագրի շրջանակում ընտրված 3 քաղաքներից Իջևանի «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը ճանաչվել է լավագույնը, որի իրականացման համար համայնքին միջոցներ են հատկացվել:

Տեսանյութեր

Լրահոս