Բաժիններ՝

Նոր փուլ, նոր մարզիչ, նորացված թիմ կամ ամեն ինչ սկսելով նորից․ Հայաստան-Թուրքիա

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է հերթական ընտրական փուլը բավականին բարդ խմբում և սկզբունքային մրցակցի հետ առաջին խաղով։ Արդեն այսօր Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Թուրքիայի ընտրանուն։ Մարտի 25-ին թիմերը կփորձեն ցուցադրել իրենց հավակնություններն այս ընտրական փուլի համար։ Թիմերը հարձակողական ֆուտբոլ կցուցադրե՞ն, թե՞ կնախընտրեն լինել ուսումնասիրողի դերում։ Պատասխանը կիմանանք հաշված ժամեր անց։

Հայաստանի հավաքականում շատ բան է փոխվել։ Հայկական ընտրանին ունի նոր գլխավոր մարզիչ՝ ի դեմս Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի։ Վերջինս բավականին երիտասարդացրել է ազգային հավաքականի կազմը՝ հրավիրելով երիտասարդ նորեկների։

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի վերջին մրցաշարում չափազանց վատ ելույթ ունեցավ և քառյակում դարձավ վերջինը՝ վեց տուրում վաստակելով ընդամենը երեք միավոր։ Խոակին Կապարոսի թիմն այս ընթացքում ընդամենը չորս գոլ խփեց և խաղաց իր հնարավորություններից թույլ: Ընկերական խաղերում հայերը չկարողացան հաղթել Կոսովոյին (2:2) և պարտվեցին Ալբանիային (0:2)։

Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ և հետևաբար՝ չի մասնակցի այս խաղին: Պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում:

Հավաքականի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը, շվեդական «Բրոմապոյկարնա»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը, «ԲԿՄԱ Սոֆիա»-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը։

Հայտացուցակում Հրանտ-Լեոն Ռանոսին և Ժիրայր Շաղոյանին չընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասներ չի հայտնում։

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի հավաքականը ուժեղ դրական տպավորություն թողնող թիմ է համարում:

«Ընտրական փուլը նոր է մեկնարկում, և բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են: Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը նորմալ է: Թուրքիան դրական տպավորություն թողնող հավաքական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչը:

Պետրակովի խոսքով` ծանոթացել է ֆուտբոլիստների հետ անցած մեկ շաբաթվա ընթացքում և դրական տպավորություն է ստացել նրանցից: Պետրակովը չցանկացավ առանձնացնել Հայաստանի հավաքականի «հաղթաթղթերը» Թուրքիայի դեմ խաղում:

Թուրքիան հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում, թեև այնտեղ դիմակայության մակարդակով թիմերը, անկեղծ ասած, ամենալուրջը չէին: Շտեֆան Կունցի թիմը շրջանցել է Լյուքսեմբուրգի, Ֆարերյան կղզիների և Լիտվայի թիմերին։

Թուրքիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը և Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու անդամ Չենգիզ Գունդերը խոսել են Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղի մասին:

«Մեր թիմը ուժեղ է, և այժմ լավ մարզավիճակում ենք: Մեր նպատակն է երեք միավորով հեռանալ և պատրաստվել հաջորդ խաղին: Նպատակը մեկն է` հաղթել առաջիկա խաղում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գունդերը: Վերջինս առանձնացրեց, որ Թուրքիայի հավաքականը ժամանակի հետ լավ փորձառություն է հավաքում:

Թուրքիայի ընտրանու մարզիչ Շտեֆան Կունցի գլխավորած թիմը Հայաստանի դեմ խաղին մոտենում է ոչ լուրջ կորուստներով:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մինչ կորոնավիրուսի պանդեմիան մեծ ազդեցություն ուներ իսպանական ֆուտբոլից, բայց հիմա փոփոխվել է կազմը, և նոր մարզիչ կա: Թիմն ունի ավելի երիտասարդ կազմ: Հայաստանի հավաքականում են խաղում «Բավարիա»-ի երկրորդ թիմից և ռուսական լիգայում խաղացող ֆուտբոլիստները: Հիմա նախկին վերլուծությունները մի կողմ եմ թողնում և մտածում եմ միայն իմ թիմի և առաջիկա խաղի մասին»,- ասաց գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս