Տավուշի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցեր

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը, ներառյալ ` միջտարածաշրջանային համագործակցությունը:

Բարձր գնահատելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դինամիկան ՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Տավուշի մարզի կապերի ներկայիս վիճակն ու ընդլայնման հեռանկարները` այդ թվում հաշվի առնելով գործարար շրջանակների էական փոխադարձ հետաքրքրությունը։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն մարզի վարչակազմին տեղեկացրել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի գործարար համայնքների միջև փոխգործակցության հաստատման և զարգացման հնարավոր ձևաչափերի մասին:

Կոպիրկինն իր երախտագիտությունն է հայտնել մարզի վարչակազմին ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող մարդասիրական նախաձեռնություններին աջակցելու, այդ թվում ՝ ռուսաց լեզվի ուսուցմանն աջակցելու համար:

Զրույցի ընթացքում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզպետարանին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն աջակցելու շրջանակներում Ռուսաստանի համակարգային ջանքերի մասին: Կոպիրկինը մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ:

Դեսպանը և մարզպետը նաև այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև «Ռուսական կենտրոն»։

Տեսանյութեր

Լրահոս