
Forbes-ը SuperAnnotate-ին ընդգրկել է ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուների ցուցակում

Forbes պարբերականը հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ընկերությանն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։
Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համագործակցությամբ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուներ 2023 վարկանիշը՝ գնահատելով ԱՄՆ-ում գործող 2600 ընկերություն, որոնք ունեն առնվազն 50 աշխատող։ Հաշվի են առել երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն և աճ:
SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման թիմերի համար նախատեսված հարթակ է, որն օգնում է ստեղծել արհեստական բանականության նորարարական պրոդուկտներ: Հարթակի շնորհիվ այդ թիմերն ու նրանց ընկերությունները խնայում են մեծ ժամանակային, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ՝ տվյալների անոտացիայի (եզրագծման) ու դրանց կառավարման գործընթացներն օպտիմալացնելով և ավտոմատացնելով: