Իրանամետ ջոկատները գնդակոծել են Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը՝ իրենց ճամբարներին հասցված հարվածներից հետո
Այսօր իրանամետ շիա կազմավորումների մարտիկները մի քանի հրթիռ են արձակել ԱՄՆ-ի ռազմակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեր Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ։ Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, ամերիկյան օբյեկտի վրա հարձակումն իրականացվել է Մեյադին քաղաքի մերձակայքում գտնվող Այն Ալիի շրջանից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Ըստ Պենտագոնի մամուլի ծառայության՝ ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել էր Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել էր ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող:
Բացի այդ, վիրավորվել էր ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ էր հասցրել Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող օբյեկտների:
Al Hadath-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածները հասցվել են իրանամետ ուժերի դիրքերին Բու Քեմալում՝ Իրաքի հետ սահմանին, Մեյադինի ճամբարում և Խարաբիշի շրջանում շտեմարանի տարածքում գտնվող զինապահեստներին՝ Դեր Զորի մերձակայքում:
Ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 շիա մարտիկ, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Էլ Օմար նավթահանքի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանը շիա կազմավորումների կողմից վերջին անգամ հրթիռակոծվել էր մարտի 7-ին։ Կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Այժմ ռազմական օբյեկտի երկինք են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, որոնք կատարում են տեղանքի վերահսկման ինտենսիվ թռիչքներ։
2015 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն 9 ռազմակայան Է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որը վերահսկում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) քրդական ջոկատները:
Դրանցից չորսը գտնվում են Դեր Զորի նավթահանքերի մերձակայքում, ևս հինգը՝ հարևան Հասակայի նահանգում։ Մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ օգնություն են ցույց տալիս ՍԴՈւ-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացած հրոսակների դեմ պայքարում: