
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։
Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը լսել է սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։