Հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի հաղթողները
A1 Art Space-ում տեղի է ունեցել մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՄԻՊ հաստատության հետ համատեղ իրականացվող «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը:
Մրցույի հաղթող երեք թիմերը ստացել են դրամական պարգևներ՝
1-ին տեղ` Safe Childhood 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ Kanani Podcast 650.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա 300.000 ՀՀ դրամ
Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝ բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։
Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:
Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է․ «Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»: