Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Գերմանիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 75%-ը, դեմ է արտահայտվել տարին երկու անգամ ժամացույցի սլաքները մեկ ժամով առաջ և հետ տեղափոխելուն:
Հետազոտությունն անցկացրել է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը մարտի 17-ից 21-ը: Հարցմանը մասնակցել է 2046 մարդ: Նրանց 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը։
Հարցվածների միայն 18%-ն է հայտնել հակառակ տեսակետը։ Ինչպես պարզել են սոցիոլոգները, Եվրոպայի վեց այլ երկրների համեմատությամբ գերմանացիներն առավել բացահայտ են հանդես գալիս ժամային փոփոխությունները վերացնելու օգտին: Ժամային փոփոխությունները վերացնելուն կողմ է արտահայտվել նաև հարցվածների մեծ մասը Շվեդիայում (58%), Դանիայում (56%) և Ֆրանսիայում (49%)։
Իտալացիները (56%), իսպանացիները (46%) և բրիտանացիները (45%) ցանկանում են շարունակել տարին երկու անգամ 1 ժամով հետ ու առաջ տանել ժամացույցի սլաքները։ Եթե ժամային փոփոխումն իրոք չեղարկվի, ապա Գերմանիայի բնակիչները կնախընտրեն մնալ ամառային ժամանակի ռեժիմում:
Հարցվածների գրեթե կեսը (48%) կողմ է այս տարբերակին, իսկ 37%-ը կնախընտրեր ձմեռային ժամանակը: Մարտի 26-ին Եվրոպայի երկրների մեծ մասը մեկ ժամ առաջ կտանի ժամացույցի սլաքները: