Ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում․ մանրամասնում է Արարատ Միրզոյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների ընթացքում։ Արարատ Միրզոյանը թեմային անդրադարձել է եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախ նշել է, որ 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Նա հստակեցրել է, որ առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը:
«Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով պայմանագրին՝ նախարարը նշել է, որ սկսած 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի հետ փոխանակվել են պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար:
«Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:
Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտանգության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:
Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:
Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիկանության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը»,- նշել է նա:
Նախարարը հավելել է, որ նշված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստատված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը:
Միրզոյանն ընդգծել է, որ ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և հայկական կողմը տեղեկացրել է գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: «2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է Միրզոյանը