Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մարտի 26-ին սպասվում են նոր ընտրություններ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մարտի 26-ին սպասվում են նոր ընտրություններ։ Անիում մարտի 1-ից, մեկնարկած ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կտևի մինչև մարտի 24-ը՝ ժամը 24:00-ն։ Հիշեցնենք, որ համայնքում անցած տարվա սեպտեմբերի 26-ին կայացան ՏԻՄ ընտրություններ, սակայն իշխանություն այդպես էլ չձևավորվեց՝ ընտրություններում մասնակից ուժերը չկարողացան ո՛չ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՛չ էլ կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեց Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը:

Այս անգամ ընտրապայքարին մասնակցող ուժերի թիվը մեկով ավելացել է՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Շիրակի մարզպետարանի Տեղական Ինքնակառավարման և Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակից 1 դաշինքն ու 3 կուսակցությունները միասին ներկայացրել են 194 ավագանու թեկնածուի: «Այս պահին այդ թիվը 194 է, բայց կարող է նվազել՝ ինքնաբացարկ լինի: Ի դեպ, առավելագույն 63 թեկնածուի ցուցակ ներկայացրել են «Ազգ-համայնք»-ը և ՔՊ-ն, իսկ «Հայկական երազանք»-ը ներկայացրել է 32 ավագանու թեկնածուի ցուցակ, «Իմ հզոր համայնք»-ը՝ 36: Նրանցից ավագանու անդամ ընտրվելու է 21-ը»,-նշեց Արամ Անտոնյանը:

Նախորդ ընտրություններում «Իմ հզոր համայնք»-ը եղել է Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի կազմում։ Այս անգամ քաղաքական ուժերը առանձին ցուցակով են ներկայանում, իսկ ցուցակը գլխավորում է Արմենակ Նաջարյանը, ով «Ազգ-համայնք»-ի երկրորդ հորիզոնականում էր:

Ինչպես նախկին քարոզարշավի ընթացքում, այս անգամ ևս ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը, ով այս ընթացքում, վարչապետի որոշմամբ, ժամանակավորապես ղեկավարում էր համայնքը: Նույն թիմով ընտրությանը մասնակցում են նաև Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը և «Հայկական երազանք»-ը՝ կուսակցության ընտրացուցակն առաջնորդող Ագուն Սաղաթելյանը:

2022-ին կայացած ընտրություններում Անի համայնքի 21 մանդատը բաշխվել էր հետևյալ հարաբերակցությամբ՝ «Ազգ-համայնք» դաշինք՝ 10, ՔՊ՝ 8, իսկ «Հայկական երազանքը»՝ 3 մանդատ։

Տեսանյութեր

Լրահոս