Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել

Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը և պայմանավորվել անցկացնել երկկողմ հանդիպում:

«Զրույցի սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան սուրբ ամսվա առթիվ։ Նախարարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս՝ քննարկելու երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների բացման նախապատրաստման գործընթացը», – հաղորդել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը։

Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր սաուդցի պաշտոնակցի հետ չեզոք տարածքում։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկրներ, որոնք կկարողանան կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։

Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, որոնց արդյունքներով պատրաստվել է եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի տարածքում ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ։ 2016 թվականի հունվարին թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ:

Դրա պատճառ հանդիսացավ այն, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում թագավորության հյուպատոսությունը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից, որոնք վրդովված էին Էր Ռիադում շիա ականավոր հոգևորական Շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս