
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի

Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նոր, ժամանակակից մարզահամալիրի կառուցումը տարածքում բնակվող երեխաների համար կստեղծի սպորտով զբաղվելու հնարավորություն:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:
Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա»-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր։ Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային: