Ադրբեջանն ապօրինաբար բնակեցնում է 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրած հայկական բնակավայրերը. Արցախի ԱԳ նախարար
Ադրբեջանն ապօրինաբար բնակեցնում է հայկական բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել են: Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն՝ ավելացնելով, որ դա անթույլատրելի է:
«Նոյեմբերի 9-ի հայտարաության մեջ կա կետ, որ ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնել ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո ստեղծել բոլոր պայմանները մեր հայրենակիցների արժանապատիվ վերադարձն ապահովելու ամար: Այդուհանդերձ, նման իրավիճակում, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում, դա բացառված է: Մենք նշում ենք, որ կողմերը պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները, առաջին հերթին ադրբեջանական կողմը, որը խախտում է այդ հայտարարության պահանջները»,- նշեց Սերգեյ Ղազարյանը:
2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ արգելելով Արցախի ժողովրդի, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը և ելքը՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների։ Դրանից բացի, Ադրբեջանը հունվարի 9-ից պարբերաբար ընդհատում է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը, իսկ հունվարի 9-ից ամբողջությամբ խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ հանցագործությունների հետևանքով Արցախի 120 000 բնակիչ կրում է բազմաթիվ զրկանքներ և տուժում՝ մարդու իրավունքների խախտումների հետևանքով, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի և բազմաթիվ այլ կենսական նշանակության ապրանքների պակասից, ինչպես նաև բախվել է ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ ոլորտների հետ կապված լուրջ խնդիրների:
2023 թ.-ի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել միջազգային բարձրագույն դատարանի հրամանը կատարելու ուղղությամբ։ Ավելին, Ադրբեջանը ագրեսիաներ է սկսել Արցախի քաղաքացիական և զինվորական անձնակազմերի նկատմամբ, ինչպես օրինակ՝ 2023 թ.-ի մարտի 5-ի դարանակալած հարձակումը և Արցախի 3 ոստիկանի սպանությունը։ Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններն Արցախի ժողովրդին սպառնում են նաև ուժի հետագա կիրառմամբ և էթնիկ զտումներով: