Մարդուն հասանելի տարրական իրավունքների հաստատումը արցախցիների դեպքում սերունդների կյանք, տառապանք ու ցավ է արժենում. պետնախարար

Այն ինչ քաղաքակիրթ աշխարհում մարդուն հասանելի է ծնված օրից և պետության կողմից երաշխավորվում է մինչև նրա մահ, արցախցիների դեպքում սերունդների կյանք, տառապանք ու ցավ է արժենում: Այս մասին մարտի 23-ին կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարը հիշեցրեց, որ արդեն 102 օր է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է, փակ է Արցախը Հայաստանին կապող և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ բնապահպանական և այլ պատրվակներով:

«Արցախը շրջափակված է, և մենք գիտենք, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքը լոկ ճանապարհ չէ, այն ունի բազմակի նշանակություն, քանի որ դրանից են սնվում առհասարակ Արցախում մարդու կյանքը և անվտանգությունը, մարդու նվազագույն կենսաապահովման պայմանները և առհասարակ ազատության տարրական զգացումը:

Ես հիմա խոսում եմ պարզագույն իրավունքների մասին, որոնք, թվում է, թե ունեն դարերի ծագում, բայց մենք ստիպված ենք պայքարել ու տառապանք կրել դրանք ունենալու համար։ Եվ սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում առհասարակ ազատականացնել սահմանները, երբ բոլոր պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները իրենց քաղաքացիների համար աշխարհը տեսնելու և աշխարհի հետ հարաբերվելու, երբ մարդու կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու և պահպանելու համար հասանելի են դարձնում բոլոր բուժհաստատությունները՝ անկախ դրանց գտնվելու վայրից»,- ասաց Ներսիսյանը:

Պետնախարարը ընդգծեց, որ սա, իհարկե, նորմալ է, որովհետև մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է, բայց թվում է՝ ոչ Արցախում ապրող մարդը:

«Հանկարծ թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ մենք ինչ-որ բան ենք պահանջում, մենք առհասարակ այս իրողության հետ դեռ ապրում ենք տևական տարիներ և ընդունել ենք այդ իրողությունը: Երբևէ աշխարհից չենք աղերսել, չենք խնդրել, չենք պահանջել ավելին, ընդամենը փորձել ենք բավարարվել մեր նվազագույն, տարրական մարդկային իրավունքներով՝ իհարկե, հույսով, որ մի օր աշխարհի համար Արցախում ապրող մարդը ևս բացառություն չի լինի»,- ասաց նա:

Պետնախարարը նշեց, որ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ: Առաջինը տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է, դա տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման պարբերաբար դադարեցումների, խափանումների, ներքին ու արտաքին հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներ ստեղծելու եղանակով, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով:

Երկրորդ նպատակը ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն է և ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումը: Ադրբեջանը 2023 թվականի նոյեմբերի 9-ից առայսօր կիրառում է ռազմական ուժ և ցուցադրում ուժ կիրառելու սպառնալիք:

«Դա ոչ միայն կատարվում է փաստացի գործողություններով, այլև մշտապես զուգորդվում և ուղեկցվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրապարակային խոսքով: Գյուղացիները սահմանին մոտ իրենց գյուղատնտեսական աշխատանքները իրականացնում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մշտապես հնչեցվող կրակոցների ներքո, այդ ընթացքում մենք ունեցել ենք մահվան դեպք, գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և վնասման բազմակի դեպքեր, և այս գործողությունները շարունակվում են մինչ օրս, երբ շրջափակման պայմաններում Արցախի բնակիչները, գյուղացիները փորձում են իրենց ընտանիքների նվազագույն կենսական կարիքները ապահովել գարնանացան աշխատանքների կազմակերպման միջոցով»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը:

Արցախի պետնախարարը հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ ուժի կիրառման ականատեսը եղանք, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին պլանավորված գործողությամբ և սպանեցին Արցախի Հանրապետության ոստիկանության երեք ծառայողի, իսկ մեկին վիրավորեցին:

Նա շեշտեց, որ երրորդ նպատակը, որ հետապնդում են ադրբեջանցիները, արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ, անիշխանության և առհասարակ անորոշության վիճակ ստեղծելն է:

«Ճանապարհի փակման առաջին իսկ օրվանից մենք ապավինեցինք Արցախում ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, և այս ողջ ընթացքում նրանք մեզ մեծ դժվարությամբ հասցնում են պարենը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն քանակը»,-ասաց նա:

Դիմելով միջազգային հանրությանը՝ պետնախախարը նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ գրեթե ամեն օր տեղի են ունենում մեր օրերի ու ժամանակների հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր, իսկ միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ․ այդ պատճառով Ադրբեջանը պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը:

«Գուցե, արցախցիների ձայնը շատ հաճախ լսելի չէ, բայց արցախցիները շրջափակաման մեջ շարունակաբար հետևում և սպասում են ձեր արձագանքին: Մենք ուզում ենք համոզված լինել և այդ հարցում մնալ անդավաճան, որ քաղաքակիրթ աշխարհի համար, ի վերջո, մարդը և նրա իրավունքները բարձրագույն արժեքներ են, և ոչ մի քաղաքականություն և տնտեսական կամ նյութական շահ չի կարող տրորել այս իրավունքները: Միջազգային դատարանների կողմից կայացրած որոշումների կատարման ապահովումը մեր համոզմունքն ու վստահությունը վերահաստատելու և հակառակը հեգնորեն պնդողներին հերքելու միակ ճանապարհն է»,- եզրափակեց Արցախի պետնախարարը

Տեսանյութեր

Լրահոս