Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանն ուրանի՝ 60%-ից բարձր հարստացում սկսի
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը գերազանցի ուրանի հարստացման 60%-ի ցուցանիշը:
Նշվում է, որ ըստ Axios լրատվական հարթակի աղբյուրի, որը իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա է, Իսրայելը ծանուցել է ԱՄՆ-ին և Եվրոպայի մի քանի երկրների, որ Թեհրանի կողմից նման գործողությունները կարող են Թել Ավիվին հրահրել ռազմական ուժի կիրառման:
Մեկ այլ պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ Իրանը տեղյակ է այս թեմայի շուրջ Իսրայելի դիրքորոշման մասին։ Իր հերթին, մարտի 17-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է Իսրայելի և Գերմանիայի կողմից մեղադրանքները՝ միջուկային զենք ձեռք բերելու փորձի վերաբերյալ։
2022 թվականի հոկտեմբերի 12-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել Էր Նաթանզի միջուկային օբյեկտում տեղակայված նոր սերնդի IR-6 ցենտրիֆուգների երրորդ կասկադում ուրանի հարստացման մեկնարկի մասին։ Reuters-գործակալության տվյալներով, որը հղում է անում ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցին, դա գործարկված երեք կասկադներից արդեն երրորդն է։ Ըստ զեկույցի՝ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է, որ մտադիր է Նաթանզում լրացուցիչ մոնտաժել IR-2m ցենտրիֆուգների երեք կասկադ՝ ի լրումն արդեն ծրագրված 12 կասկադների:
Բացի դրանից, ՄԱԳԱՏԷ-ում տեղեկացրել են, որ օբյեկտում տեղակայվել են IR-4 ցենտրիֆուգների կասկադ և IR-2m ցենտրիֆուգների վեց կասկադ, սակայն այն ժամանակ դրանք դեռ չԷին օգտագործվում ուրանի հարստացման համար։ Նոյեմբերի 22-ին ISNA գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ֆորդո միջուկային օբյեկտում ձեռնամուխ Է եղել ուրանի՝ մինչև 60% հարստացմանը՝ IR-6 ցենտրիֆուգների օգտագործմամբ:
Գործակալությունը նաև հաստատել է IR-2m և IR-4 ցենտրիֆուգների օգտագործման փաստը Նաթանզում ուրանի հարստացման համար: ՄԱԳԱՏԷ-ի վերջին տվյալների համաձայն՝ Իրանի իշխանությունները նախատեսում են զգալիորեն ընդլայնել Ֆորդոյում (մինչև 5% կամ մինչև 20%) ցածր հարստացված ուրանի արտադրությունը՝ տեղակայելով IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների ևս 14 կասկադներ։ Բացի դրանից, Իսլամական Հանրապետությունը մտադիր է զարգացնել վառելիքի հարստացման գործունեությունը Նաթանզում և պատրաստվում է մոնտաժել երկրորդ արտադրական մասնաշենքը, որը կարող է տեղավորել ցենտրիֆուգների ավելի քան 100 կասկադ: