Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ տարբեր տեղական ու արտերկրյա կազմակերպություններ պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, այդ թվում՝ իշխանությունների պատվերով: Այդ հարցումների մի մասը հրապարակվում է, մյուս մասը համարվում է, այսպես կոչված, «ներքին օգտագործման»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն «չհրապարակվող» երկու հարցում է անցկացվել (սովորաբար՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ): Դրանցից մեկին առիթ ունեցել ենք անդրադառնալ իշխանության ընդհանուր վարկանիշի կտրվածքով:
Ինչ վերաբերում է վերջերս անցկացված հարցմանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանք առավել ոչ մխիթարական են եղել իշխանության և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի համար: Ըստ այդմ, հունվար-փետրվարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է 6 տոկոսով: Փոխարենը 17 տոկոսով ավելացել է նրա անձնական «խիստ բացասական» վարկանիշը՝ հասնելով շուրջ 40 տոկոսի:
Եթե սրան գումարենք, որ ևս 12 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ» քվե չի տա Փաշինյանին, ապա սա նշանակում է, որ եթե առաջիկայում ընտրություն լինի, ընտրողների առնվազն 52 տոկոսը, ինչպես ասում են, «եթե մատներն էլ կտրեն», Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին ձայն չի տա: Ինչ վերաբերում է Փաշինյանի ընդհանուր «դրական» (ամբողջովին դրական և «ավելի շուտ» դրական՝ միասին) վարկանիշին, ապա այն չի գերազանցում 21-22 տոկոսը, ընդ որում՝ Երևանում՝ 16-17 տոկոսը»: