Բլինքենը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել: Նա այդ մասին ասել է՝ մարտի 22-ին ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հարցին։
«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», – ասել է Բլինքենը՝ անդրադառնալով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերին:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանների սահմանազատմանը» և այլ հարցերի։
«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել՝ արդյոք մենք կարող ենք օգնել նրանց հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը», – ասել է Բլինքենը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը միևնույն ժամանակ արձանագրել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է պետքարտուղարը։
«Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին», – հավելել է Բլինքենը։