«Հայաստանի համար ԵՄ առաքելությունը կարևոր գործիք է. հայկական կողմը սադրանքներ չի անում». Միրզոյան
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասաց, թե վերջին շրջանում տարատեսակ մեկնաբանություններ են լսում Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության վերաբերյալ: Նախաբանից հետո հարցրեց, թե Հայաստանը ԵՄ և միջազգային այլ գործընկերների հետ այդ առումով ի՞նչ քննարկումներ ունի:
ԱԳ նախարարին պատգամավորի հարցը զարմացրել էր, և ամբիոնին մոտենալով՝ անմիջապես ասաց.
«Անկեղծ ասած, փոքր-ինչ զարմացած եմ, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ ԵՄ առաքելությունը, որովհետև առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ, այս որոշումը հրապարակային է, և ցանկացած ոք, ով հետաքրքրվում է նրբերանգներով, կարող է տեղեկանալ: Եթե ծագում են հավելյալ հարցեր, մենք ամբողջ պատասխանատվությամբ պատասխանում ենք այդ հարցրերին, բայց իսկապես տարատեսակ մեկնաբանությունների տեղ չկա:
Ուզում եմ մի կարևոր հանգամանք ընդգծել, ՀՀ-ի համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին: Հնչում են մեկնաբանություններ նաև այն մասին, թե հայկական կողմը, այսպես ասած՝ թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, ինչ-որ սադրանքներ է անում, և այլն… Նախ՝ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում, երկրորդ՝ ԵՄ առաքելությունը ՀՀ-ի համար մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, ամրապնդի խաղաղության գործընթացը, կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում