«ԼՂ հայերի համար իրական ցեղասպանության վտանգ կա». Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեց և հիշեցրեց Կառավարության վերջին նիստում ԱԳՆ-ին տրված Նիկոլ Փաշինյանի 2 հանձնարարականները:

«Առաջինը՝ ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմի ուղղությամբ կատարել աշխատանքներ: Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի միջազգային մեխանիզմների գործարկմանը»,- ասաց իշխանական պատգամավորը, ապա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց՝ նշված 2 ուղղություններով ի՞նչ աշխատանքներ են տարվել:

«Նախ ասեմ, որ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և հրադադարից հետո, գրեթե անմիջապես աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու հայտարարության 7-րդ կետում ամրագրված, այն է՝ փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ, այն տարածքներ, որոնք այսօր հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Իմ ԱԳ նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքները շարունակվել են, կա նամակագրություն, տեղի է ունեցել մի քանի հանդիպում նաև իմ մասնակցությամբ: Հարցը շարունակում է քննարկվել և վարչապետի հանձնարարականից հետո էլի հանդիպում է տեղի ունեցել, ո՛չ իմ մասնակցությամբ և ո՛չ բարձր հանձնակատարի, այլ նրա ներկայացուցչի»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ խոչընդոտներ կան, որն ադրբեջանական կողմն է հարուցում.

Կարդացեք նաև

«Այստեղ ևս հայկական կողմը ձգտում է լինել առավելագույնս կառուցողական՝ գտնելու լուծումներ, որպեսզի այդ 7-րդ կետում ամրագրվածն իրականացվի: Ինչ վերաբերում է ցեղասպանության կանխարգելման մեխանիզմին, այս ուղղությամբ ևս մենք վաղուց աշխատում ենք և հիմա ջանքերն ակտիվացրել ենք, որովհետև բոլորը կարող են տեսնել, որ մասնավորապես ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների վտանգ կա, իրական ցեղասպանության վտանգ կա, սա նույնիսկ անթաքույց կերպով դրսևորվում է ադրբեջանական ամենաբարձր պաշտոնյաների հայտարարություններում, խոսույթում, որ իսկապես այս ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, անելիքներ ունի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս