
Փետրվարին Մեծ Բրիտանիայում գնաճն արագացել է մինչև 10,4 %

Մեծ Բրիտանիայում սպառողական գները փետրվարին տարեկան արտահայտությամբ աճել են 10,4%-ով: Նման տվյալներ է հրապարակել երկրի Ազգային վիճակագրական վարչությունը (ONS):
Հունվարին գնաճը կազմում էր 10,1%։ Միևնույն ժամանակ վերլուծաբաններն ակնկալում էին գների աճի դանդաղում մինչև 9,9%, վկայում են Trading Economics-ի հարցման արդյունքները։ Գնաճի արագացում է արձանագրվել վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ և պայմանավորված է ռեստորաններում ու հյուրանոցներում գների զգալի աճով՝ 12,1%-ով, ինչն ամենազգալի բարձրացումն է 1991թ. հունիսից ի վեր:
Բացի այդ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արժեքն աճել է 18 %-ով, ինչն ամենազգալի աճն Է 1977 թ. օգոստոսից ի վեր։
Հագուստը և կոշիկը թանկացել են 8,1%-ով, ոգելից խմիչքներն ու ծխախոտի արտադրանքը՝ 5,7%-ով, տրանսպորտային ծառայությունները, այդ թվում՝ վառելիքը՝ 2,9%-ով։
Բնակարանային և կոմունալ ծառայությունների վճարներն աճել են 26,6%-ով։ Հունվարի համեմատ սպառողական գները փետրվարին Բրիտանիայում աճել են 1,1%-ով այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին 0,6 %-ով աճ։ Հունվարին այս ցուցանիշը նվազել էր 0,6%-ով։
Եթե հաշվի չառնենք սննդամթերքի, ոգելից խմիչքների, ծխախոտի և էներգակիրների (բազային գնաճ, CPI Core) գնի աճը, ապա գները նախորդ ամիս տարեկան հաշվարկով աճել են 6,2%-ով, իսկ ամսական հաշվարկով՝ 1,2%-ով:Հունվարին առաջին ցուցանիշն աճել էր 5,8%-ով, իսկ երկրորդը՝ նվազել 0,9%-ով։
Փետրվարին մանրածախ գները (RPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ կտրուկ աճել են 13,8%-ով (հունվարին աճը կազմել էր 13,4%)։
Հենց RPI ինդեքսն է բրիտանացի գործատուների կողմից օգտագործվում աշխատավարձի շուրջ բանակցությունների ժամանակ: Ամսական կտրվածքով RPI ինդեքսը փետրվարին աճել է 1,2%-ով, մինչդեռ հունվարին այն անփոփոխ Էր մնացել։