Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ճապոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային 470 մլն դոլար հատկացնել անհատույց օգնության տեսքով։ Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խոսելով Կիև կատարած այցի արդյունքների մասին:
«Մենք անհատույց 470 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինային էներգետիկ և այլ ոլորտներում օգնության համար», – մեջբերում Է կառավարության ղեկավարի խոսքը Nikkei թերթը։
Ավելի վաղ Կիսիդան հայտարարել էր Ուկրաինային ոչ մահաբեր սարքավորումների մատակարարման համար 30 մլն դոլար հատկացնելու մասին։ Ինչպես նշված Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բանակցությունների արդյունքների վերաբերյալ այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից, Ճապոնիայի և Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվել են երկու երկրների հարաբերությունները հասցնել հատուկ գլոբալ գործընկերության մակարդակի։
Կիսիդան և Զելենսկին բանակցությունների ընթացքում ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը, դատապարտել են ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակումը և վերահաստատել են Հնդկախաղաղօվկիանոսյան և Եվրատլանտյան տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցերի անբաժանելիությունը:
Կիսիդան Կիև էր ժամանել մարտի 21-ին։ Նա Մեծ յոթնյակի ղեկավարներից վերջինն է կատարել այդ ուղևորությունը։ Կիսիդան Զելենսկիին հրավիրել է մասնակցել G7-ի գագաթնաժողովին տեսակապի միջոցով: Գագաթնաժողովը կանցկացվի մայիսին Հիրոսիմայում: Մեծ Յոթնյակն այս տարի նախագահում է Ճապոնիան: