Բաժիններ՝

Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Ըստ այդմ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերի քանակը՝ 14 տեղ:

Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտներին:

Մագիստրատուրայի ընդունելության տեղերը նախագծվել են` հիմք ընդունելով բուհերի կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում առկա պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, մագիստրոսի կրթական ծրագրով փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի (ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի) բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:

Նշենք, որ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով կադրերի պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում և մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս