
Հզոր երկրաշարժ Աֆղանստանում և Պակիստանում. կա առնվազն 12 զոհ

Պակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ:
Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին։
Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում:
BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել: