Բրիտանիայում հայտարարել են, որ Իսրայելի հետ դիմակայում են Իրանի քայքայիչ ազդեցությանը տարածաշրջանում

Մեծ Բրիտանիան և Իսրայելը համատեղ դիմակայում են Իրանի տարածաշրջանային ազդեցությանը, որը քայքայիչ է և ապակայունացնող: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հայտարարության մեջ, որը տարածվել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի՝ Լոնդոն կատարած այցի առթիվ։

«Մեծ Բրիտանիան և Իսրայելն անդրդվելիորեն դիմակայում են տարածաշրջանում Իրանի քայքայիչ ազդեցությանը և հրեատյացության ավելի լայն խնդրին», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում, բացի Իրանից եկող սպառնալիքներին դիմակայելու հարցերից, այսօր երկու երկրների ԱԳ նախարարները մտադիր են նաև քննարկել «Իսրայելում և բռնազավթված պաղեստինյան տարածքներում բռնության աճիե, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության հարցերը:

Հանդիպումը պետք է ավարտվի ճանապարհային քարտեզի ստորագրմամբ, որը կսահմանի Մեծ Բրիտանիայի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները մինչև 2030 թվականը։

«Ճանապարհային քարտեզում հայտարարված բազմամիլիոնանոց նոր ծրագրերը, այդ թվում՝ մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգի (խմբ.՝ 24,5 միլիոն դոլարի) տեխնոլոգիների և նորարարությունների ֆինանսավորման համատեղ պարտավորությունները, երկու երկրներին թույլ կտան մնալ տեխնոլոգիական հեղափոխության առաջավոր դիրքերում», – ասված է հաղորդագրության մեջ։

Լոնդոնի տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի միջև երկկողմ առևտրի ծավալը տարեկան կազմում է մոտ 7 միլիարդ ֆունտ (8,5 միլիարդ դոլար): Թագավորության տարածքում գործում են ավելի քան 400 բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնք վերջին ութ տարվա ընթացքում ստեղծել են մոտ 16 հազար աշխատատեղ։

Քոհենն իր հերթին այսօր Մեծ Բրիտանիա ժամանելուն պես հայտնել է, որ այցի ժամանակ մտադիր է իր բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել այն ուղիները, որոնք կկանխեն Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս