Բաժիններ՝

Հայկական Leanbe-ն օգնում է սինխրոնիզացնել պրոդուկտ թիմերի աշխատանքն ու ապահովել պրոդուկտի շարունակական զարգացումը

Հայկական Leanbe ստարտափը պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնում է լիարժեք կազմակերպել պրոդուկտի զարգացման ամբողջական ցիկլը՝ դիտարկելով տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ օգտատերերի և մրցակիցների վարքագիծը, ճանապարհային քարտեզը, գաղափարների դասակարգումն ըստ առաջնահերթության։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի ներկայացուցիչները նշեցին՝ հիմնվելով այս ամենի վրա՝ Leanbe-ն օգնում է ավելի ռացիոնալ որոշումներ կայացնել, ինչպես նաև հետևել պրոդուկտի առաջընթացին։

«Leanbe-ն օգնում է մեկ հարթակում կենտրոնացնել գաղափարները, կատարել մրցակիցների ավտոմատացված մոնիթորինգ: Երբ գաղափարները վավերացվել են, օգնության է գալիս հատուկ ալգորիթմը, որի միջոցով պրոդուկտի ճանապարհային քարտեզը հնարավոր է վերադասակարգել՝ ըստ առաջնահերթությունների և հանրայնացնել։ Պրոդուկտի թարմացումների համար նաև ներդրել ենք ծանուցման գործիք, ինչը հնարավորություն կտա օգտատերերին նոր հնարավորությունների և ուղղումների մասին միշտ տեղեկացված մնալ։ Այս գործընթացում իր տեղն է գտել նաև արհեստական բանականությունը»,- ասաց ստարտափի հիմնադիր Արտավազդ Բարսեղյանը:

Ստարտափի գործադիր տնօրեն Բորիս Աթայանը դեռևս 2014 թվականից աշխատում է Արտավազդի հետ, և հենց այդ ժամանակ հիմնել են իրենց առաջին ստարտափը: Ստեղծել են նաև մի շարք այլ SaaS պրոդուկտներ: Նոր ստարտափի գաղափարը ծնվել է իրենց ունեցած խնդրից: Մտածել են ստեղծել մի հարթակ, որը կլրացնի ընկերության պրոդուկտի կառավարման գործընթացի բացերը:

«Ստարտափով նպատակ ունեինք փակել պրոդուկտի աճի ամբողջական ցիկլը՝ գաղափարների գեներացումից մինչև դրանց վալիդացմանն ու դրանց առաջնահերթությունները գտնելու գործընթացը: Leanbe-ն տարբեր գործիքներով օգնության է գալիս»,- ասաց Աթայանը:

Ստարտափի հիմնադրի խոսքով՝ Leanbe-ի հետ ավելի հեշտ է օգտատերերից ֆիդբեք, գաղափարներ ու առաջարկներ հավաքագրելը։ Մշակված ալգորիթմի շնորհիվ յուրաքանչյուր գաղափար ստանում է որոշակի կշիռ, որն օբյեկտիվորեն ներկայացնում է գաղափարի առաջնահերթությունը։ Իսկ ներդրված համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում ավտոմատ կերպով մշտապես տեղեկանալ մրցակից պրոդուկտների գնային փոփոխությունների, նոր հնարավորությունների, մարքեթինգային արշավների և այլնի մասին։

«Leanbe-ի փոփոխական էլեմենտները՝ մոդիֆայերները, թույլ են տալիս ոչ միայն քանակական, այլև որակական կշիռ սահմանել զարգացման գաղափարների և հենց օգտատերերի համար։ Սրա շնորհիվ հնարավոր է համեմատել և դասակարգել գաղափարներն ըստ առաջնահերթության»,- նշեց Բարսեղյանը։

2021 թվականին ստեղծված հարթակը շուկայում առաջինը չէ, սակայն հիմնադրի խոսքով՝ իրենցը մի շարք առավելություններ ունի: Չնայած հարթակի լավարկված տարբերակը մի քանի օր է, ինչ շուկա է դուրս եկել, բայց արդեն ավելի քան 2500 օգտատեր ունի: Հարթակի թիրախը միջազգային շուկան է, աշխատում են B2C ձևաչափով՝ նպատակ ունենալով առաջիկայում աշխատել նաև B2B ձևաչափով։ Թիմում այս պահին 20 հոգի է ներգրավված:

Ստարտափը գործակցում է նաև Armenian Code Academy-ի հետ, որտեղ պրոդուկտ մենեջմենթ դասընթացի մեկ ամբողջական դաս նվիրված է Leanbe-ի գործիքներին տիրապետելուն և հասկանալուն, իսկ ստարտափը դասընթացի մասնակիցներից մեկի կրթաթոշակն է ապահովում՝ սրանով նպատակ ունենալով նոր ծնվող պրոդուկտ մենեջերներին Leanbe-ի գործիքին ծանոթ պահել:

«Մեր ստարտափը դառնալու է պրոդուկտ մենեջերի օգնականը: Նաև նպատակ ունենք հիմնադիրների համար ևս օգնական լինել, որ հասկանան, թե ում աշխատանքի ընդունեն կամ ազատեն, նոր մասնաճյուղ բացեն կամ աշխատանքի նոր գործելաոճ սկսեն, մի խոսքով՝ որոշումներ կայացնելու լավագույն գործիքն ենք լինելու»,-եզրափակեց Աթայանը:

Հարթակը ոտքի է կանգնել սեփական միջոցներով: Հիմա պատրաստվում են նախասաղմնային փուլի ներդրումներ ներգրավել: Այս պահին ստարտափը միայն ծրագրային պրոդուկտների համար է, առաջիկայում նպատակ ունեն ընդլայնել հնարավորությունները նաև այլ պրոդուկտների համար: Իսկ իրենց հարթակը ավելի ճկուն դարձնելու նպատակով արհեստական բանականությունն ավելի շատ են օգտագործելու:

Կարինա Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս