Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Ժնևի կինոփառատոնում և ֆորումում արժանացել է գլխավոր մրցանակի
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կիոնկենտրոնը:
Ռեժիսորը նշում է, որ այն յուրահատուկ մրցանակ է՝ կինոյին և մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: «Ավրորան պայքարում էր իր ներսում մարդկությունը կենդանի պահելու համար՝ մեղմելով իր ցավը էկրանին, և դա նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է և երբեք չի մոռացվի։ Ավրորան, վերապրելով իր ցավը էկրանին, պայքարում էր մարդկանց իրավունքների համար: Այս մրցանակը վկայում է, որ նրա առաքելությունը շարունակվում է: Հավերժ հիշատակ»,-ասում է Սահակյանը:
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Հայոց ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմն ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
Այն հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն: