Իսրայելը Պաղեստինին խոստացել է վեց ամիս առաջադիրքեր չկառուցել

Իսրայելը համաձայնել է չորս ամսով դադարեցնել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցման քննարկումները և վեց ամսով՝ առաջադիրքերի կառուցման թույլտվությունների տրամադրումը։

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով մարտի 19-ին Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ-ի արած համատեղ հայտարարությունը։ Եգիպտոսի ​​Շարմ էլ-Շեյխ քաղաքում անցկացված բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են աշխատել ապաէսկալացման, «հետագա բռնության կանխարգելման» ուղղությամբ և հայտնել են իրենց հանձնառությունը «անվտանգությանը, կայունությանն ու խաղաղությանը ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար»:

«Իսրայելի կառավարությունը և Պաղեստինի ազգային վարչակազմը հաստատել են իրենց պատրաստակամությունը և համատեղ հանձնառությունը՝ երեքից վեց ամիս ժամկետով անհապաղ դադարեցնել միակողմանի միջոցները», – ընդգծվում է հայտարարության մեջ։ Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունները մեկ ամսից պակաս ժամանակաշրջանում երկրորդ անգամ են հանդիպել Եգիպտոսի, Հորդանանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ՝ ճգնաժամի ապաԷսկալացման հասնելու համար:

Ճգնաժամը սրվել Է վերջին ամիսներին: Այս ժամանակաշրջանում ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով, իսկ ավելի քան 40 իսրայելցի զոհվել է պաղեստինցիների հարձակումների ժամանակ։ Հաջորդ հանդիպումը նախատեսված Է ապրիլին, այն նույնպես կանցկացվի Եգիպտոսում։

Փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները չեն չեղարկում Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերում նոր բնակարաններ կառուցելու՝ արդեն հավանության արժանացած պլանները։

Տեսանյութեր

Լրահոս