Հունահռոմեական ոճի Մ23 տարեկանների ընտրանին ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփեցին առաջնության արդյունքները:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդգծեց, որ մրցաշարի արդյունքներից գոհ չէ և ավելին էր ակնկալում:
«Մեր հավաքականի տղաներն, ովքեր հաղթում էին գոտեմարտի ընթացքում, վերջին րոպեներին պարտություն են կրել: Դրա պատճառը տեխնիկատակտիկական սխալներն են, ինչը մեր՝ մարզիչներիս թերացումն է: Տղաներն այսօր ապացուցում են, որ յուրաքանչյուր քաշային կարգում կարող են մրցակցել, եթե լավ պատրաստվենք»,-ասաց Բաբալարյանը:
Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը շեշտեց, որ աշխատանք պետք է տարվի այն ուղղությամբ, որ մարզիկները հաղթանակը բաց չթողնեն վերջին պահին: «Այսօր ունենք 4 մեդալ, բայց ունակ էինք ևս երկուսը նվաճելու»,-ասաց նա:
Եվրոպայի առաջնության մեդալակիրներ Կարապետ Մանվելյանը, Հովհաննես Հարությունյանը, Հայկ Խլոյանը, Ալբերտ Վարդանյանը իրենց խոսքում շեշտեցին, որ առաջնությանը ստացված է, սակայն աշխատելու տեղ կա:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների թիմը մեդալների ընդհանուր հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հայաստանի հավաքականի կազմում Կարապետ Մանվելյանը դարձել է արծաթե, իսկ Հովհաննես Հարությունյանը, Ալբերտ Վարդանյանը և Հայկ Խլոյանը` բրոնզե մեդալակիրներ: