
75-ամյա կինոաստղ Սեմ Նիլը պատմել է քաղցկեղի դեմ պայքարելու մասին

Հանրահայտ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սեմ Նիլը, որին մեծ ճանաչում է բերել «Յուրայան դարաշրջանի այգի» ֆիլմը, պատմել է քաղցկեղի դեմ պայքարելու մասին:
The Guardian-ին տված հարցազրույցում Սեմ Նիլը խոստովանել է, որ իր մոտ ախտորոշվել է արյան քաղցկեղի երրորդ փուլ՝ անգիոիմունոբլաստիկ T-բջիջների լիմֆոմա։ Դերասանը հիվանդության մասին իմացել է 2022-ին:
Քիմիաթերապիայի ընթացքը ցանկալի արդյունք չի տվել, և բժիշկները նրան հատուկ դեղամիջոցներ են նշանակել, որոնք նա պետք է ընդունի ամբողջ կյանքում։
Նիլը երկրպագուներին վստահեցրել է, որ իր քաղցկեղն այժմ ռեմիսիայի փուլում է:
«Թվում է, թե իմ անունն այժմ շրջանառվում է բոլոր լուրերում, ինչը մի փոքր հոգնեցուցիչ է, քանի որ, ինչպես տեսնում եք, ես ողջ եմ և առողջ: Արդեն ութ ամիս է, ինչ իմ հիվանդությունը ռեմիսիայի շրջանում է: Ես շատ ուրախ եմ աշխատանքի վերադառնալու համար։ Յոթ օրից սկսում ենք նկարահանումները։ Անետ Բենինգի և այլ հրաշալի դերասանների մասնակցությամբ նկարահանում եմ Apples Never Fall մինի-սերիալում»,-նշել է նա ու խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ ամեն ինչ կարգին է: