Եգիպտոսը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել 2023-ի երկրորդ կեսին նախագահների հանդիպման վերաբերյալ․ Al Arabiya
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 18-ին Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածության են եկել, որ 2023 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա երկու երկրի ղեկավարների հանդիպում։
Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նախապատրաստական աշխատանքներ են տանում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Նա հավելել է, որ դա կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված ընտրություններից անմիջապես հետո։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը վերսկսվել է անցյալ տարի Կատարում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո»։
Թուրքիայի արտգործնախարարը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Եգիպտոս։ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։ Դրանից հետո երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի և Կահիրեի միջև դիվանագիտական մակարդակով շփումների վերականգնման մասին։ 2022 թվականի նոյեմբերին Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նախագահներ Էրդողանի և Ալ-Սիսիի կարճ հանդիպումը։