Գերմանիայի կանցլերի համոզմամբ՝ ՄՔԴ-ի՝ Պուտինին կալանավորելու օրդերը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումն ու շեշտել՝ այն ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ:
Շոլցի՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հնչած խոսքերը մեջբերել է Reuters-ը:
«Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույցն է: Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա»,- նշել է նա:
Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:
Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։