Գերմանիային մտահոգում են Իսրայելում դատական բարեփոխումները՝ չնայած երկու երկրներն ընդհանուր արժեքներ ունեն. Օլաֆ Շոլց
Գերմանիային և Իսրայելին միավորում են ընդհանուր արժեքները, այնուամենայնիվ, Բեռլինը մտահոգված է Իսրայելում նախապատրաստվող դատական բարեփոխումներով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Որպես Իսրայելի ժողովրդավարական արժեքային գործընկերներ և մտերիմ բարեկամներ մենք մեծ ուշադրությամբ և, չեմ թաքցնի, մեծ մտահոգությամբ ենք հետևում ընթացող քննարկումներին», – ասել է Շոլցը։
Իր հերթին Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը կմնա լիբերալ դեմոկրատական երկիր նույնիսկ պլանավորված դատական բարեփոխումներից հետո։ Նրա խոսքով՝ «Ժողովրդավարությունը Իսրայելում ուժեղ է ու կենսունակ, մենք դրանից ոչ մի սանտիմետր չենք ընկրկի»։
Իսրայելի վարչապետը կտրականապես մերժել և անհեթեթ ու անմիտ է անվանել բոլոր այն պնդումները, թե իր գլխավորած կառավարությունն, իբր, մտադիր է ոչնչացնել ժողովրդավարությունը:
Մարտի 16-ին Շոլցը և Նեթանյահուն այցելել են Բեռլինի Գրունեվալդ երկաթուղային կայարանի մոտ գտնվող «Gleis 17» հուշահամալիր, որը նվիրված Է ավելի քան 80 տարի առաջ նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում հրեաներին մահվան ճամբարներ արտաքսելուն։
Քաղաքական գործիչները խոսել են Գերմանիայի և Իսրայելի միջև սերտ կապի և այն պատասխանատվության մասին, որ Գերմանիան շարունակում է կրել 20-րդ դարում եվրոպացի հրեաների հետ տեղի ունեցած աղետի համար։
Մամուլի ասուլիսում կանցլեր Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի մշտական պարտավորությունը հակասեմիտիզմի ցանկացած ձևին հակազդելն Է։ Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի համար պետական կարևորության գործ Է։-