Սի Ծինփինը մարտի 20-22-ը պետական այցով կժամանի Ռուսաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մարտի 20-22-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական ​​այցով կժամանի Ռուսաստան:

Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում «կքննարկվեն համապարփակ գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցության արդիական հարցեր»։

«Նաև ծրագրված Է կարծիքների փոխանակում միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում», – նշված է հաղորդագրությունում։ Բացի դրանից, ՉԺՀ-ի ղեկավարի այցի ընթացքում «կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր»։ ТАСС-ը հիշեցնում է, որ երկու ղեկավարների նախորդ դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

2022 թվականի դեկտեմբերի վերջին Պուտինը Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանս-կապի միջոցով բանակցությունների ընթացքում նրան հրավիրել էր 2023 թվականի գարնանը պետական ​​այցով ժամանել Մոսկվա։ Օրեր առաջ Սի Ծինփինը երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում:

Իսկ անցյալ տարվա հոկտեմբերին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարից հետո Սի Ծինփինը նաև երրորդ ժամկետով վերընտրվել Էր Չինաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այսպիսով, նրա պետական ​​այցը Ռուսաստան կլինի առաջինը վերընտրվելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս