Բաժիններ՝

Էրեբունի թանգարանում կբացվի Էրմիտաժի անկյուն. Պատրաստ է երկու թանգարանների համագործակցության նոր պայմանագիրը

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը համագործակցության նոր պայմանագիր կստորագրի Էրմիտաժի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ պայմանագրի տեքստն ամբողջությամբ պատրաստ է:

«Հիմա իրավաբաններն են նայում, որ պայմանագիրը բերեն վերջնական տեսքի, բայց ընդհանուր համագործակցության բովանդակությունը, ուղղությունները հստակ են: Այս պայմանագրով նախատեսվում է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը: Էրեբունի թանգարանում ստեղծվելու է Էրմիտաժի անկյուն, ինչը շատ կարևոր է: Մենք կունենանք ցուցադրություն Էրմիտաժից: Այն հետաքրքիր կլինի մեր այցելուների համար, որոնց թվում քիչ չեն ռուս զբոսաշրջիկներ»,-ասաց Միքայել Բադալյանը: Դրան զուգահեռ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից իրեր կցուցադրվեն Էրմիտաժում:

Էրմիտաժը նաև Էրեբունի թանգարանին աջակցելու է գրականության տրամադրման հարցում, ինչպես նաև օգնելու է վերականգնողների վերապատրաստման գործում: Այս տարի մայիսի 3-ից Կարմիր բլուր հնավայրում սկսվող հնագիտական պեղումներին հայ արշավախմբին կմիանան նաև էրմիտաժի գործընկերները:

Միջազգային համագործակցությունն այսքանով չի սահամանփակվում: Մայիսին Բրիտանական թանգարանում բացվելու է ցուցադրություն, որտեղ ներկայցվելու են աքեմենյանից մինչև հելլենիստական ժամանակաշրջանի իրեր: Հայաստանի պատմության թանգարանն ու Էրեբունի թանգարանը կներկայանան իրենց ցուցանմուշներով: Նախատեսված է նաև հանդիպում Բրիտանական թանգարանի տնօրենի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս