Բաժիններ՝

Մյանմայի վանքերից մեկում առնվազն 22 մարդու սպանություն է տեղի ունեցել

Մյանմայում առնվազն 22 մարդ, այդ թվում՝ 3 բուդդայական վանական է սպանվել հրազենից մոտ տարածությունից արձակված գնդակներով: Նման եզրակացության են հանգել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց հետո:

Մյանմայում երկու տարի առաջ իրականացված ռազմական հեղաշրջումից հետո հաստատված ռազմական իշխանությունների ընդդիմադիրները սա համարում են քաղաքացիական անձանց կոտորած՝ իրականացված բանակի կողմից:

Մյանմայի խունտայի խոսնակը հայտարարել է, որ զինվորականները բախումներ են ունեցել Փինլաունգ շրջանի ապստամբների հետ, սակայն քաղաքացիական անձանց չեն վնասել: Խոսնակը նշել է, որ «Կայայի ազգությունների պաշտպանության ուժը» և մեկ այլ ապստամբ խմբավորում մտել է Նան Նեյնթ գյուղ կառավարական ուժերի մուտքից հետո, կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի գյուղացիներ:

«Կայայի ազգությունների պաշտպանության ուժի» խոսնակն իր հերթին հայտնել է, որ իր զինվորները Նան Նեյնթ են մտել կիրակի օրը և բուդդայական վանքում գտել են սպանվածների մարմիններ: Բոլոր սպանվածներն, ըստ երևույթին, քաղաքացիական անձինք են եղել:

Տարածաշրջանում վերջին երկու շաբաթներին մարտեր են ընթանում: Նան Նեյնթում սպանության վայրի մերձակայքում շուրջ 100 կառույց է հրդեհվել:

Մյանմայում քաղաքական ճգնաժամ է սկսվել 2021 թ. փետրվարից, երբ զինվորականները խլեցին իշխանությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիից: Ամբողջ երկրով ծավալվել են շարժումներ, որոշ դեպքերում՝ զինված, որոնց ռազմական իշխանություններն արձագանքել են՝ մահացու ուժ կիրառելով:

Reuters-ը նշում է, որ ըստ Քաղաքական բանտարկյալների օժանդակության ասոցիացիայի՝ ռազմական հեղաշրջումից ի վեր զինվորականների կողմից սպանվել է 3137 մարդ:

ՄԱԿ-ը Մյանմայի զինվորականներին մեղադրել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս