
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ալիևի վերջին հայտարարությունը հակասող է համարում Պրահայի և Սոչիի հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 17-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին:
Մարտի 16-ին թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կեղծ պնդումներ և ռազմատենչ հայտարարություններ է արել՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ: ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որ այդկերպ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այդ ելույթում:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության՝ թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։